Նոր Զելանդիայի բնակիչների մեծ մասը կնախընտրեր պետության սեփական ղեկավարն ունենալ եւ հրաժարվել նորզելանդական միապետությունից, որն այս պահին մարմնավորում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը։ Այս մասին են վկայում հարցման արդյունքները, գրում է The Independent–ը։

New Zealand Republic–ի անցկացրած հետազոտության համաձայն՝ հարցվածների 59 տոկոսը կողմ է Նոր Զելանդիայում սեփական առաջնորդն ունենալուն։ 34 տոկոսը նախընտրում է ներկայիս միապետական ռեժիմը։ 2014-ին նմանատիպ հարցումները ցույց էին տվել, որ հարցվածների միայն 47 տոկոսն է պատրաստ հրաժարվել միապետությունից։

Monarchy New Zealand կազմակերպության ղեկավար Շոն Փալմերը, սակայն, կասկածի տակ է առել հարցման արդյունքները։ Նրա խոսքով՝ միապետությունից հրաժարվել ցանկացողների խմբում են հայտնվել եւ՛ նրանք, ովքեր կողմ են Նոր Զելանդիայում նոր ղեկավարի բաց ընտրությունների անցկացնելուն, եւ՛ նրանք, ովքեր համաձայն են այդ դերը թողնել խորհրդարանին։