Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-ամյակի կապակցությամբ երկրի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մի շարք հրամանագրեր։ Ինչպես հայտնել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունում, հայրենիքի պաշտպանության ընթացքում ցուցաբերած անձնական քաջության համար «Արիության» մեդալով պարգեւատրվել են՝ 9 մարդ, որոնցից 2-ը՝ հետմահու։

Մարտական առաջադրանքներ կատարելիս հնարամիտ եւ համարձակ գործողությունների համար, զորքերի ռազմական պատրաստվածության ապահովման եւ երկրի պաշտպանության ժամանակ ցուցաբերած արիության համար «Զինվորական անբասիր ծառայության համար» մեդալով պարգեւատրվել են 151 մարդ, որոնցից 14-ը՝ հետմահու։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանդեպ առողջապահության, կրթության եւ գիտության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառներում ունեցած վաստակի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրվել են 3 մարդ, «Երախտագիտության» մեդալով՝ 4-ը։ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում մեծ վաստակ ունենալու համար Գեորգի Շահրամանյանին շնորհվել է ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։