Ադրբեջանը 2011 թվականին նախատեսում է կրկնապատկել ռազմական բյուջեն, ինչը նրան հնարավորություն կտա պատերազմի մասին հայտարարություններն իրականություն դարձնել։ Հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով, «սա մեզ պարտադրված պատերազմ է, որի պայմաններում մենք 100 տարի չենք կարող գոյատեւել»։
«Ճիշտ է, ադրբեջանական բանակում բարոյահոգեբանական վիճակն այնպիսին չէ, որ այսօր վեր կենան, գան, արյուն թափեն ու Ղարաբաղը գրավեն, բայց այդ երկրի իշխանությունները կարող են նման տրամադրություններ ստեղծել, եթե տեսնեն, որ հարցը չի լուծվում»,- նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը։
Նրա խոսքով, «պետք է նստել, նրանց հետ լուծել այս հարցը, գնալ երկկողմանի զիջումների»։ «Հնարավոր է՝ նրանց կողմից փոխզիջումը լինի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելը,իսկ մեր կողմից, այո՛, որոշ տարածքներ տալն անկախության դիմաց»,- նշեց ընդդիմադիր գործիչը։





























