Նոր Զելանդիայի Քրայսթչերչեի գրադարաններից մեկը հաստատության պատերի մեջ լռություն եւ հանգստություն ապահովելու արտասովոր մեթոդ է մտահղացել: The Guardian-ի փոխանցմամբ՝ տեղադրվել է հատուկ սարք, որը մոծակի բզզոցին նման ձայն է արձակում. գրադարանավարները հույս ունեն այս կերպ հեռացնել շենքի մոտ  թրեւ եկող երիտասարդներին:

Սարքը բարձր հաճախականության բաբախող ձայն է ստեղծում, որը լսելի է 15 մետր շառավիղ հեռավորությունից։ Սարքը հենց այդպես էլ գովազդվում է՝ «դեռահասների ուլտրաձայնային զսպիչ», քանի որ լսելիքը ծակող ձայնը լսում են հիմնականում մինչեւ 25 տարեկան երիտասարդները, որոնք, ի տարբերություն տարեց մարդկանց, որպես կանոն, ավելի սուր լսողություն ունեն:

Քրայսթչերչեի Գրադարանների խորհրդի ղեկավար Կարոլին Ռոբերթսոնն ասել է, որ գրադարանը, որտեղ տեղակայվել է սարքը, երիտասարդների հետ կապված խնդիրներ ուներ, հետեւաբար Խորհուրդը հարկադրված էր գործել: «Հաճախորդներն աշխատակիցներին բողոքում էին դեռահասների վախեցնող վարքագծի, վիրավորանքների մասին: Նրանք գրադարանում իրենց հարմարավետ չէին զգում»,- ասել է Ռոբերթսոնը:

Տեղի մանկական գրադարանավարը սարքի տեղակայման հետ համաձայն չէ. նա տարօրինակ է համարում սարքն աշխատանքային ժամերին օգտագործելը, քանի որ իրենք պարտավոր են խրախուսել երեխաների ընթերցանությունը: