Հայաստանի ու Թուրքիայի միջեւ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի մեկ ու կես ամիս հետո եւ կավարտվի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Թուրքիա-Հայաստան պատասխան հանդիպումից անմիջապես առաջ։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է խաղը դիտելու հրավեր։ Այս մասին գրում է այսօր The New York Times-ը։ Պարբերականը նկարագրում է պատմական տարաձայնությունների հաղթահարման, սահմանների ապաշրջափակման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված Երեւանի ու Անկարայի ջանքերի ժամանակագրությունը։
"Թուրքիան ու Հայաստանը, որոնք արդեն մի ամբողջ հարյուրամյակ ներգրավված են ամենաերկարատեւ ու լարված միջազգային հակամարտություններից մեկում, պայմանավորվել են միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Այդ մասին երկու երկրների ներկայացուցիչները հայտնել են երկուշաբթի օրը։ Վերջին տարվա ընթացքում կողմերը ձեռնարկել են միմյանց ուղղությամբ կատարված գրեթե աննկատ մի քանի քայլեր (նրանց միջեւ պետական սահմանը փակ է մինչ օրս)՝ ներառյալ Շվեյցարիայում տեղի ունեցած երկկողմ բանակցությունների անպտուղ փուլը։ Սակայն այժմ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ բանակցություններ են սկսում պաշտոնական պայմանագրի կնքման վերաբերյալ։
Նրանց տարածած համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պատրաստ են «քաղաքական բանակցություններ սկսել», սակայն դրանում չի շոշափվում այն հարցը, թե երբ եւ ինչպես են լուծվելու կողմերի միջեւ առկա հիմնական տարաձայնությունները, մասնավորապես, 1915-1918 թթ. թուրքական Օսմանյան կայսրության կառավարության կողմից իրականացված միլիոնից ավելի հայերի սպանության մասին հարցը։ Թուրքիայի կառավարությունը չի համարում, որ դա Ցեղասպանություն է եղել։
Թուրքիայի ու Հայաստանի միջեւ երբեք գոյություն չեն ունեցել դիվանագիտական որեւէ հարաբերություններ, իսկ թուրք-հայկական սահմանը փակվել է 1993 թվականից՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ ծավալված Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի ժամանակ։ Սահմանն իրենից ներկայացնում է «երկաթյա վարագույրի» մանրակերտ. Մի կողմից այն պաշտպանում են թուրքական բանակի զինվորները (հիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է), իսկ մյուս կողմից՝ Հայաստանին օգնության եկած ռուսական զորքերը։
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, սակայն Վրաստանի տարածքում Ռուսաստանի ձեռնարկած ռազմական գործողություններից հետո տարածաշրջանում ուժերի հաշվեկշիռը փոխվել է։ Պատերազմից հետո Թուրքիան շահագրգռություն է ցուցաբերում անդրկովկասյան իր հարեւանների միջեւ հարաբերությունների բարելավման հարցում, իսկ Հայաստանում ընտրվեց մի կառավարություն, որը ի տարբերություն իր նախորդների, շահագրգռված է պատասխան քայլերում։
Ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Հայաստանում հույս ունեն, որ եթե սահմանն ի վերջո բացվի, ապա դա բարերար ազդեցություն կունենա երկու երկրների երերուն տնտեսությունների վրա։ Ներկայումս երկրների միջեւ հաղորդակցությունը սահմանափակվում է չարտերային ոչ մեծաթիվ չվերթներով, իսկ առեւտուրը, գործնականում, բացակայում է։
Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կարող է առավելություն տալ Թուրքիային, քանզի կավելացնի Եվրամիություն նրա ընդունման հնարավորությունները (գլխավոր խոչընդոտներից մեկը Ցեղասպանության հարցն է) եւ միաժամանակ թույլ կտա հենց այդ պատճառով էլ դադարել գզվռտվել ԱՄՆ-ի հետ, որտեղ բնակվում են մեծ թվով հայեր։ Շվեյցարիայի միջնորդությամբ ընթացած բանակցությունները սկսվել են անցյալ տարի եւ անց են կացվել «լռության» պայմաններում, որպեսզի խուսափեն ապակառուցողական ազգայնամոլական տրամադրություններից։ Շնորհիվ այն բանի, որ Հայաստանը պնդել էր առաջին հերթին սահմանի ու առեւտրային հարաբերությունների խնդրի վրա, այսինքն՝ մինչեւ Ցեղասպանության շուրջ բանակցություններ սկսելը, հաջողվեց գործնականում ամենաբարդ խնդիրները թողնել հետագայի համար։
Անցած տարվա սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ներկա էր Թուրքիայի ու Հայաստանի ֆուտբոլի հավաքականների Հայաստանի մայրաքաղաք Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը։ Երկու երկրների ողջ պատմության ընթացքում դա թուրք առաջնորդի Հայաստան կատարած առաջին այցն էր։ «Ֆուտբոլային դիվանագիտություն» ոչ պաշտոնական անվանումը ստացած այդ խորհրդանշական քայլը ընդվզման ալիք բարձրացրեց երկու երկրներում, որտեղ միմյանց նկատմամբ ատելությամբ է տոգորված բնակչության զգալի մասը։
Տարաձայնության գլխավոր առարկան՝ Ցեղասպանությունն է, որի նկատմամբ պատմաբաններն ունեն հարաբերական համաձայնություն։ Թուրքիան, սակայն, համաձայն չէ այդ տերմինի օգտագործման հետ՝ համարելով, որ 1,5 միլիոն մահացած հայերը եղել են ռազմական գործողությունների զոհեր։




























