Լեգենդար ծանրորդ, Հայաստանի նախագահի խորհրդական  Յուրի Վարդանյանը, հնարավոր է, դեռեւս «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ Նրա՝ վերակենդանացման բաժանմունքում գտվելու տեղեկության շուրջ երկիմաստություն առաջացավ այն  ժամանակ, երբ NEWS.am-ի թղթակիցը վերոնշյալ բուժհաստատությունում փորձեց զրուցել հիվանդի հետ եւ մանրամասներ ճշտել նրա առողջական վիճակից։

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Սիրանույշ Մարտիրոսյանը, բացի այն, որ արգելեց հարցազրույց վարել Յուրի Վադանյանի հետ, նաեւ ասաց, որ իրենց հիվանդների տվյալները գաղտնի են պահվում, հետո էլ ավելացրեց. «Ո՞նց եք պատկերացնում, վերակենդանացման բաժանմունքում գտնվող մարդն ինչպե՞ս կարող է պատասխանել Ձեր հարցերին»: Հարցին, թե մարզիկը վերակենդանացման բաժանմունքո՞ւմ է, թե արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, Սիրանույշ Մարտիրոսյանը լղոզված պատասխան տվեց. «Թեկուզեւ հիվանդասենյակում է»:

Սիրանույշ Մարտիրոսյանը նաեւ հայտարարեց, որ բազմաթիվ լրատվամիջոցներ փորձել են զրույց ունենալ լեգենդար մարզիկի հետ, սակայն վերջինս, իբրեւ թե, չի ցանկացել որեւէ մեկի հետ խոսել։

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին`ժամը 08.29-ին,տեղեկատվություն էր ստացվել, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի 99 ՈՈ 007 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿԻՕ-6 K-701» մակնիշի 0788 NK պետհամարանիշի տրակտորին: «Լեքսուսի» վարորդը եղել է հայտնի ծանրամարտիկ, 54-ամյա Յուրի Վարդանյանը, իսկ տրակտորի վարորդը` Աբովյան քաղաքի բնակիչ Սերժիկ Գասպարյանը:

Վթարի հետեւանքով Յու. Վարդանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ սկզբում տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոն:

Հավելենք, որ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ լեգենդար մարզիկը վթարի ժամանակ մեքենայում մենակ չի եղել, սակայն այդ փաստը հետեւողականորեն թաքցվում է: