ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած՝ աֆղան եղբայրների գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ալլահդադ Բանզիին հունիսին եղբոր՝ Բարիդադ Բանզիի հետ նպատակադրվել է Աֆղանստանից ապօրինի՝ Իրանի տարածքով տարանցիկ մեկնել Թուրքիա:
Այսպես, նրանք ժամանել են Աֆղանստանի ԻԻՀ սահմանին տեղակայված Նեմրուզ բնակավայր, որտեղից մի խումբ այլ անձանց միանալով, ապօրինի հատել են աֆղան-իրանական սահմանը եւ մուտք գործել Իրանի Իրանշահր քաղաք:
Այնուհետեւ, Աֆղանստանի քաղաքացիները հատել են իրանա- թուրքական սահմանը եւ հուլիսի 6-ին խմբով մուտք գործել Թուրքիայի տարածք, սակայն հայտնաբերվել են տեղի իրավապահ մարմինների կողմից. խմբի 18 անդամները ձերբակալվել են, իսկ Բանզի եղբայրները հատել են հայ- թուրքական սահմանն ու մտել Հայաստանի տարածք:
Եղբայրներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պետական սահմանն ապօրինի հատելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Նրանք կալանավորված են:
Նշենք, որ Աֆղանստանի քաղաքացիների՝ սահմանը հատելու մասին Հայաստանյան լրատվամիջոցները գրել էին դեռեւս հուլիսին: Ըստ «Ժողովուրդի»՝ չի բացառվում, որ Հայաստան ներթափանցած 4-5 հոգանոց խմբի անդամները լրտեսներ կամ ահաբեկիչներ լինեն, քանի որ նրանք իրավապահներին տարբեր բաներ են պատմում: Թուրքիայից սահմանը հատած եւ Արարատի սահմանում հայտնված Աֆղանստանի եւ Պակիստանի քաղաքացիներն իրավապահներին հայտնել են, որ աշխատանք են փնտրել Թուրքիայում, պատահական են հայտնվել սահմանի այս հատվածում եւ չգիտեն, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել:
«Նկատենք, որ այս պատմության մեջ բավականին մութ կետեր կան: Բանն այն է, որ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել էր, թե նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են եւ մտադիր են եղել Հայաստանի միջոցով հասնել մինչեւ Եվրամիության երկրներ: Ասել է, թե սահմանը հատած անձինք շատ լավ գիտակցել են, թե ուր են գնում եւ ինչ նպատակով»,- գրել էր թերթը:



























