Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի Պաշտպանության նախարարություններին շնորհվել են «Բանակ-2016» ֆորումի գլխավոր մրցանակներ: 

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ   Պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկովը պարգեւների է արժանացրել նաեւ ֆորումին մասնակցած առաջատար պաշտպանական ձեռնարկություններին:   

Ֆորումի մամուլի ծառայությունից ճշտել են, որ պարգեւատրվածների թվում են «Վոենտորգ» ԲԸ-ն, Ա. Ա. Ռասպլետինի անվան «Ալմաստ» ՀԿ-ն, «Ուրալվագոն գործարանը»: Բացի այդ, ֆորումի նախապատրաստման գործում ավանդի համար պարգեւատրվել են   «Ռոսօբորոնէքսպորտը», «Ռուսաստանի ուղղաթիռները», ինչպես նաեւ ՎՏԲ բանկը: «Նորարարական մշակում անվանակարգում» պարգեւատրվել է «Ռոսկոսմոս» պետական ձեռնարկությունը:

Սեպտեմբերի 6-11-ին ավելի քան կես մլն մարդ է այցելել միջազգային ռազմատեխնիկական   «Բանակ-2016» ֆորումի հարթակներ, որը երկրորդ տարին անընդմեջ ընթացել է  «Հայրենասեր» այգու կոնգրեսացուցահանդեսային կենտրոնում, Ալաբինոյի պոլիգոնում եւ մերձմոսկովյան Կուբինկա օդանավակայանում:   Բացի այդ, առաջին անգամ նման ֆորում է ընթացել Արեւմտյան, Հարավային, Կենտրոնական եւ Արեւելյան ռազմական օկրուգներում տեղակայված հարթակներում եւ Հյուսիսային նավատորմի հարթակում: