«Կրեմլյան որդի» պատմությունը շարունակություն է ստացել եւ տեղափոխվել սոցիալական ցանցեր:

Twitter-ում կրեմլյան որդի անունից միկրոբլոգ է բացվել: Որդը, որը «հարամել էր» Տվերի նահանգապետ Դմիտրի Զելյոնինի ընթրիքը եւ լուրջ սկանդալի պատճառ դարձել, իր բլոգում «գրել» է. «Շնորհակալություն Դմիտրի Վադիմի, ես այժմ աստղ եմ: Ինչպե՞ս եմ ես հայտնվել սեղանին: խոհարարն ինձ հարցրեց՝ դու ո՞րդ ես: «Ոչ, ես բեկոնի բարակ կտոր եմ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կրեմլում Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի պատվին կազմակերպված ընդունելությանը սկանդալային դեպք էր գրանցվել: Ռուսաստանի Տվերի նահանգապետ Դմիտրի Զելյոնինն իր սալաթում կենդանի որդ էր հայտնաբերել եւ դրա մասին գրել Twitter-ի իր էջում: Դրանից մի քանի ժամ անց, գրառումն ու լուսանկարը հեռացվել են միկրոբլոգից, սակայն որդն ու կրեմլյան ընթրիքն արդեն հանրության սեփականությունն էին դարձել:

Տեղի ունեցածն շտապել էր մեկնաբանել ՌԴ նախագահի միջազգային հարցերով  օգնական Սերգեյ Պրիխոդկոն, ով այդ գրառումն ու լուսանկարն անվանել էր «անպատասխանատու եւ հիմար»: «Բարեբախտաբար, ես զբաղվում են արտաքին հարաբերություններով, բայց, թերեւս, պետք է առաջարկեմ իմ իրավաբան գործընկերներին` նահանգապետերի գործունեության վերաբերյալ այսպիսի նոր հոդված նախատեսել. «հեռացում տկարամտության հիմքով»,- ասել էր Պրիխոդկոն: