Սեպտեմբերի 17-18- ին առաջին անգամ Հայաստանում կկայանա Վլադիմիր Տարասովի «Անհատական կառավարման արվեստ» թեմայով հեղինակային դասընթացը։ Սա ինքնազարգացման եւ աճի բացառիկ հնարավորություն է Հայաստանյան գործարարների եւ մենեջերների համար՝ մասնակցելու Մենեջերների Տալլինյան դպրոցի հիմնադրի՝ հռչակավոր Վլադիմիր Տարասովի դասընթացին: Դասընթացի ժամանակ նա ձեզ հետ կկիսվի արժեքավոր գիտելիքներով եւ կառավարման տեխնոլոգիաներով, հինավուրց ռազմավարական հնարքներով, Սուն Ցզիի ռազմարվեստի օրինակներով եւ այլ գործիքներով, թե ինչպես արդյունավետ փոխգործակցել գործընկերների եւ ենթակաների հետ։ Ինչպես դիպուկ նկարագրում է պարոն Տարասովը, «խնջույքի սեղանը լի է լինելու համեղ կերակուրներով. դուք չեք կարող ուտել ամեն ինչ, բայց հաստատ կուշտ կհեռանաք»։

Վլադիմիր Տարասովը կառավարման ոլորտում ճանաչված վարպետ է, սոցիալական տեխնոլոգ, բիզնես-թրեյներ, մենեջմենթի մի շարք գրքերի հեղինակ, գործարար խաղերի եւ դասընթացների հեղինակ, նախկին Խորհրդային Միության տարածաշրջանում առաջին բիզնես դպրոցի՝ Մենեջերների Տալինյան դպրոցի հիմնադիր եւ ղեկավար։ Նրա այցը Հայաստան իրապես սպասված է եւ կարեւոր՝ Հայաստանյան կառավարման ոլորտում նոր խոսքի եւ մոտեցման առումով։

«Անհատական կառավարման արվեստ» երկօրյա դասընթացի ունկնդիրները հնարավորություն կունենան ծանոթանալու հետեւյալ թեմաներին. գործարար մարդու կարեւորագույն կենսական արժեքները, կառավարման հիմնարար մեխանիզմները, ինչպես ստեղծել կառավարելի համակարգ, աշխատանք թիմի հետ։ Վլադիմիր Տարասովի բոլոր դասընթացներն անց են կացվում ինտերակտիվ ձեւաչափով, մասնակիցները յուրացնում են ձեռք բերված գիտելիքներն ու հնարքները գործարար խաղերի եւ պրակտիկ վարժությունների միջոցով։

Պարոն Տարասովը հայտնի է որպես մենեջմենթի նոր ուղղության՝ «կառավարման ռազմարվեստի» հիմնադիր: Նա Ռուսաստանի եւ հետխորհրդային երկրների ցուցանիշներով առաջատար եւ ամենապահանջված բիզնես-էքսպերտն է, ինչպես նաեւ մեծ համբավ է վայելում Եվրոպայում, Ճապոնիայում եւ Չինաստանում։

Երեւանում Վլադիմիր Տարասովի հեղինակային դասընթացի կազմակերպիչը «Ալվարիում» դասընթացային եւ խորհրդատվական ընկերությունն է՝ իր Eventarium նախագծի շրջանակներում։