Հաշվի առնելով, որ ամբողջ Ընտրական օրենսգիրքը բազմաթիվ թերություններ է պարունակում՝ ձեռք բերված համաձայնությունը անկասկած պետք է գնահատել որպես դրական քայլ: Այս մասին սեպտեմբերի 13-ին հայտնել է փաստաբան, «Իրավունքի Եվրոպան» ՀԿ անդամ Տիգրան Եգորյանը «Քաղաքացիական հասարակության գնահատականը՝ ԸՕ վերաբերյալ նախաստորագրված համաձայնագրի մասին» թեմայով քննարկումների ժամանակ:
Նրա խոսքով նման համաձայնագրերը, մասնավորապես վերոնշյալը, իրական խնդիրներ են լուծում ու ընտրությունների ժամանակ տարատեսակ ընտրակեծիքների դեմ պայքարելու իրական հնարավորություն ստեղծում:«Համաձայնագրի դրույթներից մեկը՝ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումն է, ինչը հնարավորություն կտա կանխել քվեարկության արդյունքները կեղծելու փորձերը»- նշել է Եգորյանը
Փաստաբանի խոսքով ընտրությունների անցկացման համար տեխնիկական մասնագետների բաց մրցույթները հնարավորություն կտան ներգրավել քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներին ու այդ ձեւով վերահսկել խախտումները: «Բացվում է իրական դաշտ արդյունավետ պայքարի համար: Այդ ամենը կյանքի կոչելու համար իշխանություններից պահանջվում են իրական ջանքեր՝ իշխանությունները պետք է հստակ երաշխիքներ տրամադրեն, որ պետությունը ունի բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են հրապարակված ընտրացուցակները ստուգելու համար»,- հավելել է Տիգրան Եգորյանը:
Նշենք, որ ԸՕ-ում համաձայնեցված փոփոխությունները դեռ չեն ընդունվել, դրանց ճակատագիրը անորոշ է մնում:





























