Հայաստանի Ընտրական օրենսգրքի շուրջ նախաստորագրված փաստաթուղթը քաղաքական ուժերի միջեւ համաձայնություն է։ Այս մասին սեպտեմբերի 13-ին՝ ԸՕ վերաբերյալ նախաստորագրված համաձայնագրի մասին» թեմայով քննարկումների ժամանակ, ասել է Transparency International հակակոռուպցիան կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ընդամենն արտահայտում են իրենց դիրքորոշումը։ «Այդ պատճառով մենք նպատակահարմար չենք համարել մասնակցել նախաստորագրման գործընթացին, եւ հետագայում էլ չենք ստորագրի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին համաձայնությունը»,– ասաց Այվազյանը։

Քննարկման մեկ այլ մասնակից՝ «Օրենքի գերակայություն» ՀԿ անդամ Արտակ Զեյնալյանն, իր հերթին նշեց. «Մենք՝ որպես փորձագետներ, մասնակցել ենք ԸՕ շուրջ համաձայնության նախագծի կազմմանը։ Բայց որպես քաղաքացիական  հասարակության ներկայացուցիչներ՝ այն չենք ստորագրել։ Քաղաքացիական հասարակության դիրքորոշումն արտահայտված է եղել տարածած հայտարարության մեջ»։