Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հուլիսի կարկտահարությունից մնացած բերքը փչացել է ոռոգման ջրի բացակայության պատճառով:
Գյուղապետ Արսեն Ավդալյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն մեկ ամիս է՝ ոռոգման ջրի խնդիր ունեն:
«Ուղիղ մի շաբաթ է՝ ջուր չկա, դրանից առաջ երկու օր եղավ, բայց դրանից առաջ էլ էլի չկար: Ու երկու օրն էլ ոչինչ չի տալիս՝ ոռոգումը մի բաժակ ջուր չի, որ վերցնեն, լցնեն: Գյուղացիները քիչ ջրի դեպքում չեն հասցնում ոռոգեն այգիները: 40 աստիճան ջերմության դեպքում ջուր չի լինում այն պարագայում, երբ կարկտահարված ծառերին շաբաթը մեկ ոռոգում ա պետք: Ծառերը տերեւաթափ են լինում, բերքը նվազ ու անորակ է լինում »,- ասաց գյուղապետը:
Արսեն Ավդալյանը նշեց, որ դրա հետ մեկտեղ գյուղացիները փոխհատուցում չեն ստացել կարկտահարության հետեւանքով կրած վնասների դիմաց, նույնիսկ չի փոխհատուցվել հողի հարկն ու ոռոգման ջրի վճարը:
Աղձքի հարեւան գյուղերում նույնպես, որոնք սնվում է Շամիրամի ջրանցքից, այս խնդիրը կա, պատճառը գյուղապետերի համար անհայտ է: Գյուղացիների մոտ սա դժգոհություն է առաջացրել:
Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանյան վարչությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ երկու օրվա մեջ գյուղացիները ոռոգման ջուր կունենան:



























