Աէրացիայի ջրամաքրման կայանի վերակառուցումն ավարտին կհասցվի առաջիկա ամիսներին: Այս մասին Ջրային տնտեսության պետական կոմիտեում Եվրոպական ներդրումային բանկի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՋՏՊԿ նախագահ Արամ Հարությունյանը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա շաբաթների ընթացքում արդեն իսկ պարզ կդառնա խմելու ջրի միասնական օպերատորի անունը: ՋՏՊԿ նախագահը հայտնեց, որ օպերատորի ընտրության գործընթացը մոտենում է ավարտին, այս պահին տարվում են բանակցություններ՝ կապված միասնական սակագնի որոշման հետ:

Ա. Հարությունյանը կարեւորեց ՎԶԵԲ եւ ԵՆԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը՝ հատկանշելով, որ այս տեսակի համագործակցությունը հիմնված է տեսանելի արդյունքների եւ վստահելի գործընկերության սկզբունքի վրա: ««Հայաստանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ներդրումային ծրագիրն» առանցքային նշանակություն ունի ՋՏՊԿ համար: Դրա իրականացման արդյունքում հնարավոր կլինի զգալիորեն բարելավել ջրամատակարարման հիմնական ցանցի վիճակը»,- նշեց Ա. Հարությունյանը:

Քանի որ ծրագրում ներառված է նաեւ կեղտաջրերի մաքրման բաղադրիչ, ՋՏՊԿ նախագահը ներկայացրեց այս ուղղությամբ տարվող աշխատանքները եւ կարեւորեց հատկապես Երեւանի ջրամաքրման կայանի՝ Աէրացիայի վերակառուցումը, որը նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա ամիսների ընթացքում:

Անդրադառնալով խմելու ջրի միասնական օպերատորի ընտրությանը եւ դրանից հետո սպասվող իրավիճակային փոփոխություններին՝ Ա. Հարությունյանը եվրոպացի գործընկերների հետ քննարկեց «Հայաստանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ներդրումային ծրագրի» կառուցվածքի, գույքի ձեռքբերման ծավալների եւ ուղղվածության վերանայման հնարավորությունները, ինչպես նաեւ՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հետ կապված խնդիրներ:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչ Տեա Մելիքաձեն գոհունակությամբ արձանագրեց, որ համագործակցության ընթացքում ՋՏՊԿ-ն մեծածավալ գործունեություն է իրականացրել ոչ միայն իր գործառույթների սահմանում, այլեւ մեծապես աջակցել է միջազգային խորհրդատվական ընկերություններին՝ տվյալների հավաքագրման եւ ՀՀ ջրային համակարգի վերաբերյալ ամբողջական պատկեր կազմելու գործում:

Նշենք, որ «Հայաստանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ներդրումային ծրագիրն» իրականացվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (30 մլն եվրո) եւ Եվրամիության Հարեւանքության քաղաքականության ծրագրի (20 մլն եվրո) աջակցությամբ: Այս ծրագրում ներգրավված է նաեւ Եվրոպական ներդրումային բանկը՝ 30 մլն եվրո մասնակցությամբ: