Հայաստանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ գնահատական տալը  դժվար է, քանի որ տնտեսության վերաբերյալ հրապարակվող թվերն ու վիճակագրությունը իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Այժմ շատ դժվար է Հայաստանի տնտեսության վերաբերյալ ինչ-որ գնահատական տալը, քանի որ եղած թվերի հիման վրա գնահատականներ տալը սխալ կլինի: Հիմա ասում ենք, որ արտահանման տեմպերը աճել են, բայց եթե խորանանք, կտեսնենք, որ ոչ թե տեղական արտադրությունն է ավելացել, այլ որոշակի աճպարարության արդյունք է, որի մասին մեզ չեն ասում: Իշխանությունը մեզ իրականությունից այնքան է կտրել, որ մենք տնտեսության պատկերի մասին ռեալ պատկերացում չունենք»,-ասաց նա:

Տնտեսագետը նշեց, որ Հայաստանի տնտեսական ոլորտում զարգացում արձանագրելու համար ՀՀ նոր կառավարությունն առաջին հերթին պետք  է հրաժարվի Ազգային Ժողով ներկայացված Հարկային նոր օրենսգրքի ընդունումից. «Հայաստանի տնտեսական զարգացման համար հարկավոր է փոքր եւ միջին բիզնեսին ազատություն տալ, պետք է նրանց հարկային բեռից ազատել, արտոնություններ տալ: Պետք է օրենքի առաջ հավասարության սկզբունքի կիրառում լինի, նաեւ  ամենակարեւոր խնդիրներից է բյուջեի հավաքագրման հարցը, բյուջետային եկամուտների ապահովումը»: