ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ: Վարչապետը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Դ. Մեդվեդեւի անձնական ներդրումը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում, որը հիմնված է երկու երկրների ժողովուրդների բարեկամության վրա: ՀՀ վարչապետը կարեւորել է ՀՀ եւ ՌԴ կառավարությունների ակտիվ համագործակցությունը եւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի խորացումը՝ ի շահ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձեւաչափով, այդ թվում նաեւ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեւին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ իրեն հղած շնորհավորանքի համար: