Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ողջ գործընթացը վտանգված է Հայաստանի իշխանությունների լեգիտիմության բացակայության պատճառով: Այդ մասին այսօր «Դյուպլեքս» ակումբում կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Նախկին արտգործնախարարը նշեց, որ այսօր սեղանին է դրված հակամարտության կարգավորման անընդունելի մի փաստաթուղթ: «Այդ անընդունելի փաստաթուղթը վիժեցնելու է գործընթացը եւ բնականոն ուղի վերադարձնելու համար կա մեկ ուղի: Դա Սերժ Սարգսյանի հրաժարականն է եւ Հայաստանում սահմանադրական կարգի հաստատումն է: Որեւէ այլ ճանապարհ չկա»,- արձանագրեց Արզումանյանը եւ հավելեց, որ «այսօր վտանգված է ոչ միայն Ղարաբաղի հարցի կարգավորումը, այլեւ Հայաստանի 3-րդ Հանրապետության գոյությունն ընդհանրապես»: Իսկ պատճառը, Արզումանյանի կարծիքով, Հաայստանի իշխանությունների լեգիտիմության բացակայությունն է: «Եւ այն, որ այս ոչ լեգիտիմ իշխանություններին ստիպում են Ղարաբաղի հարցում գնալ զիջումների, թե կապում են Ղարաբաղի հարցի լուծումը հարեւան երկրների, հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետ, դա հետեւանքն է ընտրությունների կեղծման ու մարտի 1-ի սպանդի»,- բարձրաձայնեց ՀԱԿ ներկայացուցիչը՝ եւս մեկ անգամ իշխանություններին կոչ անելով «հոժարակամ հրաժարական տալ ի փառս հայոց պետականության»:



















