Ռուսաստանի Բանկը վերջերս տեղեկություն է հրապարակել այս տարվա հունվար-հունիսի ընթացքում ֆիզիկական անձանց անդրսահմանային դրամական փոխանցումների մասին: Ըստ էության՝ այդ փոխանցումները, որոնց մի մասը ստանում են նաեւ մեր համաքաղաքացիները, կոմերցիոն բնույթ չեն կրում:

Եվ այսպես. ռուսական տեղեկատվության համաձայն՝ հունվար-հունիսին ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանից Հայաստան կատարված անդրսահմանային փոխանցումները կրճատվել են 282 մլն դոլարով: Երկու տարվա ընթացքում այդ փոխանցումների գումարը կրճատվել է ավելի քան 2.4 անգամ: Դոլարային արտահայտությամբ անկման հիմնական պատճառը Ռուսաստանում այդ արժույթի դիրքերի ամրապնդումն է: Ի դեպ, նշված տեղեկատվությունը չի համապատասխանում Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներին: Խնդիրը հաշվարկման մեթոդի մեջ է:

Երկու տարվա ընթացքում կրճատվել է նաեւ մեկ փոխանցման միջին գումարը: 2014 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակներում այդ ցուցանիշը կազմել է, համապատասխանաբար, 236 եւ 274 դոլար, ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում՝ 162 եւ 164 դոլար, այսինքն՝ կրճատվել է 1.5-1.7 անգամ: Սակայն, ինչպես նշվեց, փոխանցումների ընդհանուր գումարի կրճատումն ավելի զգալի է եղել (2.4 անգամ): Այս տվյալների համադրումը թույլ է տալիս եզրակացնել, որ նվազել է նաեւ փոխանցումների թիվը: Մեր հաշվարկներով՝ 1.3 անգամ:

Հայաստանի համար բավական մեծ նշանակություն ունեցող այդ ոլորտում իրադրության բարելավման հույս ունենալ չենք կարող: Հարկ է ենթադրել, որ Ռուսաստանում դոլարի փոխարժեքը չի վերադառնա երկամյա վաղեմության դիրքերին: Այդ դեպքում ռուսական ռուբլին դոլարի վերածելու պարագայում զալի վնասը կպահպանվի: Որոշ ժամանակավոր միգրանտների համար, որոնց աշխատավարձն այնքան էլ մեծ չէ, արդեն շահեկան չի լինի Ռուսաստանում աշխատելը:

Ապրիլի դրությամբ՝ Ռուսաստանում մեր քաղաքացիների թիվը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 24 հազարով կամ 5%-ով: Իհարկե, այս ցուցանիշը կարելի է մեծ չհամարել, եթե համեմատենք հետխորհրդային տարածքի մի շարք այլ երկրների նման ցուցանիշների հետ:

Սմբատ Գրիգորյան