Արցախում հունիսին ծանր վիրավորում ստացած Ալբերտ Դալլաքյանը շարունակում է բուժումը Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Դրական փոփոխություն, թեեւ չնչին, բայց կա: Ալբերտը սկսել է քայլել ուժերի մեծ լարումով, հիշողությունը դեռ չի վերականգնվել, սակայն փորձում է ցույց չտալ, որ նույնիսկ տառերը չի հիշում:

«Ամբողջ կյանքում ինքնուրույն է եղել, 14 տարեկանից ամառային արձակուրդներին աշխատել է, միշտ ամեն ինչ ինքնուրույն է արել, իսկ հիմա այս վիճակում է: Ալբերտս դեռ չի կարողանում հասկանալ, որ թույլ է, ինքնուրույն ոչինչ անել չի կարող: Զգացվում է` շատ է նեղվում այդ փաստից: Հիշողությունն էլ է կորցրել, բայց փորձում է մարդկանց մոտ ցույց տալ, թե հիշում է նրանց, իսկ երբ գնում են, ասում է` մամա, ով էր»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Ալբերտի մայրը` տիկին Արմինեն:

Թե ինչ է սպասվում Ալբերտին, նույնիսկ բժիշկները հստակ պատասխան չեն տալիս:

Ալբերտ Դալլաքյանը գլխի վիրավորում է ստացել Արցախում: Ի սկզբանե ծնողները չեն իմացել, թե ինչ պայմաններում է նա վիրավորում ստացել, ավելի ուշ են պարզել միայն՝ ավագ լեյտենանտ Ավագ Նահապետյանն է կրակել: Սկզբում Դալլաքյաններն իմացել են, թե անզգույշ կրակոց է եղել, վերջերս էլ զորամասից տեղեկացել են, թե ավագ լեյտենանտը «խաղացել է» ուրիշի զենքով եւ այդ ժամանակ կրակել:

NEWS.am-ի հրապարակումից հետո միայն Նահապետյանի մայրն այցելել է Ալբերտին, փորձել համոզել, որ անզգուշություն է եղել, Ավագը դիտավորյալ չի կրակել:

«70 օր ուր էին... մայրը եկել էր Կարմիր խաչ ու համոզում էր, որ չբողոքենք... ես առողջ երեխա եմ բանակ ուղարկել, քառօրյա պատերազմին լավ ծառայել է, առաջնագծից իջել է, որ մի քիչ քնի, հանգստանա ու կրակել են գլխին»,- ասում է տիկին Արմինեն:

Ի դեպ, Ավագ Նահապետյանի մայրը միակն է, որ այս ամիսներին Դալլաքյաններին այցելել է. ոչ զորամասից, ոչ Պաշտպանության նախարարությունից առ այսօր ոչ ոք Ալբերտին տեսակցության չի գնացել, Ռուսաստանից վերադարձած Դալլաքյաններին օգնելու առաջարկ չի արել: Ավելին, ծնողները օգնության համար Սեյրան Օհանյանին էին դիմել, սակայն մերժում էին ստացել:

Հիշեցնենք, որ Ալբերտ Դալլաքյանի վիրավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը: Քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել լեյտենանտ Ավագ Նահապետյանին:

Դալլաքյանը բռնցքամարտիկ է, ՌԴ-ից մեկ տարի առաջ եկել էր՝ հատուկ Արցախում ծառայելու համար: