Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում սարսափելի ու լարված իրավիճակ է՝ կապված նախորդ տարի մթերված խաղողի գումարները չստանալու հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Աղավնաձորի բնակիչները նշում են, որ փակելու են մայրուղին, սպառնում են, որ երեխաներին դպրոց ու մանկապարտեզ չեն ուղարկելու: Դիմելու են ծայրահեղ քայլերի, որովհետեւ նախորդ տարվա խաղողի մթերման գումարը դեռ չեն կարողանում ստանալ: Կառավարության ուշադրությունը սեւեռում եմ այդ խնդրի վրա»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Նշենք, որ չնայած սահմանված վերջնաժամկետին՝ «Վեդի Ալկո» ընկերությունը դեռ չի վճարել ՀՀ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներին ունեցած պարտքերը: Ընկերությունը նախորդ տարի աղավնաձորցիներից մթերած խաղողի դիմաց կուտակել է 145 մլն դրամի չափով պարտք եւ ոչ մի կերպ չի կարողանում այն մարել: