Քանի որ գործարարները վախենում են, որ բիզնեսը կարող է վտանգի տակ լինել, նորանշանակ վարչապետն էլ հայտարարում է, որ բոլորը կարող են ազատ զբաղվել իրենց բիզնեսով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, որ իրենք ոչ մեկի բիզնեսը չեն խլի։

Ինչ  վերաբերում է նորանշանակ վարչապետի այն հայտարարությանը, որ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, նա ասել է․ «Ընդհանուր առմամբ, դա նշանակում է, որ ներկայիս վարչապետը տնտեսությունն այլ ձեւ է պատկերացնում, բնականաբար, նորմալ եմ ընդունում, որ իրեն չի բավարարում այսօրվա տնտեսության վիճակը, ինքը ավելի մեծ պատասխանատվություն վերցրեց»,-ասել է Վահրամ Բաղդասարյանը։

Հարցին՝ ինչու հարց ու պատասխանի ժամանակ իշխող ՀՀԿ-ն եւ ԱԺ նախագահը  չշնորհավորեցին Կարեն Կարապետյանին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. «Բոլորս ժամանակ ունեցել ենք շնորհավորելու, եղել է խորհրդի նիստ, որի ժամանակ բոլորս մոտեցել շնորհավորել ենք»։