Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ղեկավար աշխատելու լավ փորձ ունի, եւ լիահույս ենք, որ ամեն ինչ լավ է լինելու: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, Արման Սահակյանը` պատասխանելով հարցին` արդյոք Կարեն Կարապետյանին նշանակումով գործարարների համար լավ պայմաններ կստեղծվեն աշխատելու համար եւ կհաջողվի նոր վարչապետին դուրս բերել տնտեսությունը ծանր վիճակից:
«Կարեն Կարապետյանը բիզնես ոլորտի խնդիրներն ու պահանջները հասկանում է եւ հույս ունենք, որ լավ է լինելու, քանի որ փոփոխությունների կարիք կա: Գործարար ոլորտն այժմ սպասում է եւ հույս ունի, որ իրական փոփոխություններ կլինեն»,- ասաց Արման Սահակյանը:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` խնդիրները ոչ միայն մենաշնորհին եւ կոռուպցիային են վերաբերում. «Խնդիրներն ավելի շատ են»:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել սեպտեմբերի 13-ին ` փոխարինելով Հովիկ Աբրահամյանին:



























