Մասնավոր հատվածի համար կենսաթոշակային կուտակային համակարգը հետաձգվել է եւս մեկ տարով: Այս մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 15-ի կառավարության նիստում:

Նախկինում նախատեսված էր, որ պետական հատվածի աշխատակիցների համար (1974 թվականին եւ դրանից հետո ծնված) կենսաթոշակային բարեփոխումներն ուժի մեջ են մտնելու 2014-ի հուլիսի 1-ից, իսկ մասնավոր հատվածի համար (նույն տարիքի աշխատակիցների համար)՝ երեք տարի հետո՝ 2017-ի հուլիսի 1-ից: Ավելի ուշ այդ ժամկետը երկարացվել էր մինչեւ 2018-ի հունվարի 1-ը, իսկ այժմ երկարացվել է եւս կես տարով՝ մինչեւ 2018-ի հուլիսի 1-ը:

Նշենք, որ մասնավոր հատվածի աշխատակիցները, որոնք հրաժարվում էին սոցիալական վճարումներից, պետք է դիմում ներկայացնեին մինչեւ 2014-ի դեկտեմբերի 25-ը: 1996 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածներին եւ սոցվճարներ կատարելու ցանկություն չունեցողներին պետությունն էր փոխհատուցելու (եկամտահարկից պահում կատարելով): Եթե նրանք ինքնակամ միանան համակարգին, պահման փոխարեն գումարները փոխանցվում են կենսաթոշակային կուտակային հաշվին:

Նշենք, որ կենսաթոշակային բարեփոխումները դժգոհություն էին առաջացրել վճարման նոր համակարգի պատճառով (ավելացված եկամտահարկին): 2014-ի սկզբին Երեւանում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ: