Հայաստանի «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների շնորհիվ՝ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ հնարավորություն կունենա ինքնուրույն գրանցել իր ունեցվածքը՝ առանց բրոքերի լրացուցիչ ծառայությունների։ Այս մասին սեպտեմբերի 15-ին՝ խորհրդարանում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների հարցով քննարկումների ժամանակ, ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ այդ փոփոխությունները նախատեսվում են ԵՏՄ մաքսային կարգավորումներին համապատասխան։ «Մենք հնարավորություն ենք տալիս ցանկացած տնտեսվարող սուբյեկտի, առանց բրոքերի լրացուցիչ ծառայությունների, գրանցել իր ունեցվածքը։ Ամեն փաստաթղթի ձեւակերպման համար մատակարարի ծառայությունը կազմում է 10-15 հազար դրամ»,– նշել է Մինասյանը։
Նրա կարծիքով փոփոխություններն ուղղված են նրան, որ բիզնեսը կարողանա արդյունավետ գործունեություն իրականացնել։ «Դա չի հանգեցնի բյուջեի կրճատմանը։ Հետեւաբար, կարծում եմ, Դուք ինքներդ պետք է պաշտպանեք այդ նախաձեռնությունը, քանի որ դա հիմնարար փոփոխություն է, որը չի կարող որեւէ խնդիր առաջացնել»,– ասել է Արծվիկ Մինասյանը։



























