Մենք միշտ ասել ենք, որ Կովկասյան տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը միայն սահմանների բացմամբ չի լինի: Թուրքիան այդ հարցում շատ անկեղծ է: Մենք խաղաղություն եւ կարգուկանոն ենք ցանկանում տարածաշրջանում: Սակայն Հայաստանի հետ սահմանի բացումը բազմակողմանի խաղաղության չի հանգեցնի: Այդ ամսին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը՝ մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա ընթացքը:

«Հայաստանը հայտարարել է, թե սառեցնում է արձանագրությունները: Բայց Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների տառին եւ ոգուն: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը կարգավորի իր հարաբերություններն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Թուրք եւ ադրբեջանցի ժողովուրդները եղբայրներ են: Այդ մասին պետք է իմանան բոլորը, այդ թվում՝ արեւմտյան երկրները»,- ասել է դիվանագետը:

Դեսպանն ասել է նաեւ, որ «եվրոպական երկրները եւս աջակցում են Հարավային Կովկասի խաղաղությանը: Սակայն փաստը, որ մի երկրի տարածքների 20 տոկոսը օկուպացված են, մոտ 1 միլիոն մարդ փախստական է, արդար չէ: Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման հետ մեկտեղ պետք է կարգավորվեն Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները»: