Հայաստանի պաշտպանության նախարարությունը ռազմադիվանագիտական եւ ռազմական համապատասխան միջոցառումներ է ձեռնարկվելու ` հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների գործունեությունը չեզոքացնելու համար: Այդ մասին ասված է Հայաստանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Պաշտպանական գերատեսչությունն անդրադարձել է նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կողմից զինծառայող Վիտալի Աշոտի Իգիթյանի սպանության փաստին՝ խստորեն դատապարտելով դիպուկահարների միջոցով հայ-ադրբեջանական շփման գծում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը:
«Ադրբեջանի նման գործողությունները, որոնք իրականացվում են հակամարտության գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անցկացրած դիտորդական առաքելությունից անմիջապես հետո, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն չի հետեւում շփման գծից դիպուկահարներին հեռացնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կիմունի հորդորներին, այլեւ անտեսում է ադրբեջանցի դիպուկահարների կողմից նախկինում պատճառված զոհերի կապակցությամբ ԵԱՀԿ գործող նախագահի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունները` փորձելով ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային հանրության ջանքերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 14-ին` ժամը 19:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավ-արեւելյան հատվածում տեղակայված դիրքերից մեկի ուղղությամբ (Հադրութի պաշտպանական ուղղություն) հակառակորդի կողմից արձակված դավադիր գնդակից` գլխի շրջանում ստանալով թափանցող հրազենային վիրավորում` հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է ՊԲ թիվ 38401 զորամասի զինծառայող, 1988թ. ծնված Վիտալի Աշոտի Իգիթյանը:





























