Հայաստանի վարչապետի փոփոխությունը կապված է ավելի խորը ու լուրջ խնդիրների հետ, քան բարձրաձայնվում է իշխանությունների կողմից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով` նոր վարչապետ Կարեն Կարապետյանն այն մարդկանցից է, որը, եթե սկզբունքներ դնի եւ շարժվի դրանցով, դրական արդյունքների կհասնի:
«Վարչապետի փոփոխությունն առաջինը կապված էր Հայաստանի ծանր տնտեսական վիճակի հետ, որից մի կերպ պետք է դուրս գանք, ավելի արդյունավետ մենեջմենթ է հարկավոր կառավարությունում, այս առումով Կարեն Կարապպետյանն ավելի ակնհայտ առավելություններ ունի: Չի բացառվում, որ Ռուսաստանից նրան պարգեւատրումներ կանեն` Հայաստանում իր դիրքերն ամրապնդելու համար: Նոր ղեկ եւ նոր դեմք էր հարկավո, որը չէր հասցրել վարկաբեկվել, այս առումով հարմար թեկնածու էր նոր վարչապետը: Անհրաժեշտ էր ունենալ վարչապետ, որը ավելի հեշտ կկարողանա բիզնես- սուբյեկտների հետ հաղորդակցվել: Կարեն Կարապետյանը բյուջե լցնելու համար ավելի արդյունավետ կկարողանա աշխատել, քան Հովիկ Աբրահամյանը»,-ասաց նա:
Բորիս Նավասարդյանը նշեց, որ վարչապետի փոփոխությունը նաեւ ընտրություններից առաջ ժողովրդի ուշադրությունը շեղելու միջոց էր:
«Մինչեւ ընտրությունները վերաբերմունքը իշխանությունների նկատամմաբ չի փոխվելու, բայց ավելի հանգիստ է լինելու, այսպիսով լարվածությունը մեղմվեց: Ժամանակ շահելու համար նույնպես բավականին լավ մտածված քայլ էր »,-ասաց նա:





























