ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչների կողմից տարածված վերջին հայտարարության մեջ հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպումներ կան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը: Վերջինս ընդհանուր առմամբ նորմալ է վերաբերում համանախագահների հայտարարությանը, քանի որ նրանում ընդամենը ներկայացվել է առաքելության ընթացքի եւ ավարտի մասին որոշ տեղեկատվություն:

«Հայտարարության մեջ տեղ գտած որոշ ձեւակերպումներին` մասնավորապես «օկուպացված տարածքներ» արտահայտությունը հայկական կողմերի համար երբեք ընդունելի չի եղել, քանի որ այն չի արտահայտում ԼՂՀ-ի շուրջ գտվող մի շարք տարածքների իրավական կարգավիճակի նկարագիրը: Սակայն կոնֆլիկտի կարգավորման ողջ ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձել է միջնորդական առաքելությունը պահել հավասարակշռության մեջ:

Ինչ վերաբերվում է հայտարարության տեքստում նշված «Ստեփանակերտ/Խանքենդի» անվանմանը, ապա դեռեւս 1992-ից սկսած ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերում դրանք օգտագործվում են հենց այդ գրառմամբ, ինչպես նաեւ նույն փաստաթղթերում ԼՂՀ օրինական ընտրված իշխանությունները անվանվում են դե ֆակտո տեղական իշխանություններ»,- նշել է Զաքարյանը եւ հավելել, թե բանակցային գործընթացը դեռեւս շարունակվում է, եւ միջնորդները առայժմ ստիպված են օգտագործել որոշ պայմանական ձեւակերպումներ, մինչեւ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը ու անկախ պետականության կարգավիճակի միջազգային ճանաչումը:

«Մինսկի խմբի համանախագահների ջանքներն ավելի արդյունավետ եւ արդարացի դիտելու համար լավ կլիներ, իհարկե, որպեսզի վերջիններս, ելնելով նույն հավասարակշռվածության սկզբունքից, առաքելության մասին պատրաստվող իրենց ներքին զեկույցում օգտագործեն օրինակ` Տիգրանակերտ-Ակն-Աղդամ, Քարվաճառ-Քելբաջար, Կովսական-Զանգելան եւ այլ անվանումները, թեկուզ եւ ես այդ հարցում լավատես չեմ: Այնուամենայնիվ հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ի դեմս համանախագահների, կպահպանի իր որդեգրած սկզբունքը եւ Ադրբեջանի կողմից օկուպացված ղարաբաղյան տարածքների դիտարկման առաքելության արդյունքների մասին ապագա հայտարարությունն էլ կպատրաստի նույն ձեւակերպումներով»,- ամփոփել է Զաքարյանը: