Թուրքիայում իրականացված ուսումնասիրության համաձայն ամեն երկրորդ թուրքի հարեւանը քուրդ է եւ նրանց միջեւ ընկերական, ընտանեկան հարաբերությունները խորանում են։ Այս մասի տեղեկացնում է թուրքական Haber7 կայքէջը։

Թուրքիայում տարբեր շրջաններում թվով 10 577 հոգու մեջ անցկացված հարցումները ցույց են տալիս, որ չնայած վերջին 25 տարիներին թուրքերի եւ քրդերի միջեւ առկա լարվածությանը, թուրքերի 57 տոկոսը քրդերին լավ է վերաբերվում, իսկ քրդերի 86 տոկոսը թուրքերին է լավ վերաբերվում։

Ըստ ուսումնասիրության՝ թուրքերի 33.8 տոկոսի մոտ կա թեկուզ մեկ քուրդ բարեկամ, իսկ քրդերի 67 տոկոսի բարեկամների մեջ կա թուրք։

Թուրքերի 59 տոկոսի մոտ կա մտերիմ քուրդ ընկեր, իսկ քրդերի 75 տոկոսի մոտ կա մտերիմ թուրք ընկեր։

«Ցանկանում են արդյո՞ք քրդերը ստեղծել առանձին պետություն»,- հարցին, քրդերի 30 տոկոսն է պատասխանել այո, թուրքերի 71 տոկոսը նույնպես պատասխանել է այո։

«Արդյո՞ք քրդական „Ժողովրդավարական հասարակություն“ կուսակցությունը ներկայացնում է բոլոր քրդերին»- հարցին, հարցվածների 38 տոկոսը պատասխանել է դրական, իսկ 50 տոկոսը գտնում է, որ այդ կուսակցությունը քրդերին լիովին ներկայացնող ուժ չէ։

Հարցվածների 37 տոկոսը կապ է տեսնում բոլոր քրդերի եւ Օջալանի ու PKK-ի միջեւ։

«Կա արդյո՞ք կապ քրդական „Ժողովրդավարական հասարակություն“ կուսակցության եւ PKK (Քրդական բանվորական կուսակցություն)-ի միջեւ», — հարցվածների 78 տոկոսը դրական է պատասխանել։