«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հայտարարություն է տարածել՝ հերքելով 2,5 տարեկան, մահացած երեխայի մոր պնդումները։

Հայտարարության մեջ ասվում է. «Սույն թվականի սեպտեմբերի 5-ին ժամը 00:20-ին շտապ օգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 05.07.2014թ. ծնված Հարություն Արամայիսի Մարտիրոսյանը:

Ըստ մոր խոսքերի երեխան երեք օր հիվանդ է եղել, ունեցել է ջերմություն եւ հազ, միացել է դժվարաշնչությունը: 04.09.2016թ. առավոտյան շատ թույլ եւ քնկոտ է եղել, որի կապակցությամբ ուշ երեկոյան դիմել են «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, հայտնաբերվել է բարդացած երկկողմանի թոքաբորբ, ձախակողմյան պլեւրիտ, շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի: Թթվածնի տոկոսն արյան մեջ ցածր է եղել եւ երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոն, Հայաստանի միակ նեղ մասնագիտացված թոքային վիրաբուժության կենտրոն` պլեւրալ պուկցիա, պլեւրալ խոռոչի դրենավորում, անհրաժեշտության դեպքում այլ վիրաբուժական միջամտություններ կատարելու համար, որի մասին ծնողներին զգուշացվել է:

Ընդունվելիս երեխայի վիճակը շատ ծանր էր, գիտակից էր սակայն թույլ եւ քնկոտ: Մաշկը գունատ, քիթ-շրթունքային եռանկյունին ցիանոտիկ, հեւոցը խառը բնույթի, թոքերում խիստ թուլացած շնչառություն:

Ախտորոշվել է` երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի, ձախակողմյան պլեւրիտ:

Սոնոգրաֆիկ հետազոտությամբ պլեւրալ խոռոչում ձախից հայտնաբերվել էր  հեղուկ եւ. ժամը 10:15 կատարվել է պլեւրալ պունկցիա, ստացվել է 140մլ թարախային արտադրություն, որը ուղարկվել է բակտերոլոգիական քննության: Նույն օրը ժամը 14:00 կղանքի մեջ նկատվել է առատ արյուն, որի կապակցությամբ շտապ կազմակերպվել են լաբորատոր քննություններ` վիրուսոլոգիական եւ մանրէաբանական, ուղարկվել են առողջապահության նախարարության կենտրոնական ռեֆերենս լաբորատորիա:

05.09.2016թ. ամբողջ օրվա ընթացքում դիտվել է մեզի բացակայություն առանց արյան անալիզների փոփոխության: Երեխան ստացել է միզամուղ, սակայն միզարտադրությունը չի վերականգնվել: Նույն օրը ժամը 19:30-ին, հաշվի առնելով գիտակցության մակարդակի վատթարացումը, կատարվել է շնչափողի ինտուբացիա եւ միացվել  թոքերի արհեստական շնչառության ապարատին: Երեկոյան կատարվել է կրկնակի սոնոգրաֆիա, պլեւրալ խոռոչում առկա էր 10մլ արտադրություն:

Լաբորատոր անալիզներում առկա էին թրոմբոցիտների նվազեցում, արյան մակարդման ցուցանիշների շեղումներ, չափավոր անեմիա, հիպերբիլիռուբինեմիա:

06.09.2016թ. ժամը 11:00-ի սահմաններում անց է կացվել կոնսիլիում, սուր երիկամային անբավարարության խորացման կապակցությամբ հեռախոսով կոնցուլտացիա է կատարվել «Արաբկիր» բժշկական կենտրոնի պրոֆեսոր-նեֆրոլոգ Ա.Ա.Սարգսյանի  եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Ա.Վ.Գյուլբուդաղյանի հետ: Խորհուրդ է տրվել  հիվանդին հետագա բուժման համար տեղափոխել «Արաբկիր» բժշկական կենտրոն, պերիտոնեալ դիալիզի կամ հեմոդիալիզի անցկացման նպատակով: Տեղափոխումից առաջ կատարվել է պլեւրալ խոռոչների սոնոգրաֆիա, առկա էր 10-15մլ արտադրություն ձախից: Երեխան տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն ռեանիմոբիլով, ինտուբացված վիճակում, ռեանիմատոլոգի ուղեկցությամբ, առանց բարդությունների:

Ախտորոշումը` սուր խառը բնույթի ինֆեկցիա, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի, ձախակողմյան թարախային պլեւրիտ, սուր աղիքային ինֆեկցիա, հեմոկոլիտ, հեմոլիտիկ-ուռեմիկ համախտանիշ?, թոքերի արհեստական շնչառության վիճակ:

Հիվանդին «Արաբկիր» ԲԿ-ում անմիջապես կատարվել է կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն եւ պլեւրալ խոռոչի սոնոգրաֆիա: Պնեւմոթորաքս, այսինքն թոքի պատռվածք չի հայտնաբերվել:

 08.09.2016թ. ստացվել են պատասխաններ առողջապահության նախարարության կենտրոնական ռեֆերենս լաբորատորիայից, հայտնաբերվել են Shigella ցեղին պատկանող մանրէներ: Հիվանդանոցի լաբորատորիայում հայտնաբերվել է ադենովիրուս, իսկ պլեւրալ պունկտատում` Nesseria flava:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բոլոր հետազոտությունները եւ բուժումը կատարվել են լիարժեք ծավալով, համապատասխան արդի բժշկության պահանջներին: