Վերին Լարսում թուրքական բեռնատարները շատացել են: Այս պայմաններում կրկին արդիական է դառնում հայկական մեքենաների համար առանձին ճանապարհ առանձնացնելու գաղափարը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի Բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ Մակար Առաքելյանը:

Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ֆոնին Թուրքիան այդ երկիր ավելի շատ բեռներ է փոխադրում: Ընդ որում, թուրքական բեռնափոխադրողների համար հիմա ավելի շահեկան է աշխատել ցամաքային ճանապարհով՝ Վրաստանի միջով (եթե համեմատենք վառելիքի գները՝ շոգենավի սակագների հետ միասին):

«Կրկին հայտնվեցին Թուրքիայից բեռնափոխադրողները, չնայած առայժմ նախկինի պես շատ չեն»,- նշեց նա:

Առանձին ճանապարհը կտնտեսի ժամանակը, ինչը կարեւոր է նաեւ այն պատճառով, որ Հայաստանից արտահանումն ավելացել է ե՛ւ դեպի Ռուսաստան, ե՛ւ ընդհանրապես: Իսկ դա նշանակում է, որ ավելի շատ բեռնատարբեր են սկսել երթեւեկել:

Առաքելյանի խոսքով՝ մաքսայինում արդեն երկար կանգառներ չեն լինում. Եվրասիական միության շրջանակում բեռների փոխադրման գործընթացը դյուրացել է:

Նշենք, որ 2016 թվականի հունվար-հունիսին Հայաստանից արտահանումն աճել է 17%-ով՝ կազմելով 815 մլն դոլար: Իսկ Ռուսաստան արտահանումն աճել է միանգամից 90%-ով (վերականգնվում է, մասնավորապես, կոնյակի, մրգի եւ բանջարեղենի արտահանումը, զարգանում է հագուստի արտահանումը):