Էլեկտրաէներգիայի եւ գազի սակագինը վերանայելու վարչապետի հանձնարարականը ոչ բոլոր բնակիչ-բաժանորդներին է վերաբերում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
«Մենք հանձնարարությունը փորձում ենք մեր օրենսդրական դաշտում եւ մեր եղած հնարավորությունների սահմաններում վերլուծել, գնահատականներ տալ, ներկայացնել վարչապետին, որ վերջնական որոշում լինի: Հիմա աշխատանքներն ընթանում են, կարծում եմ` մեկ շաբաթ, մինչեւ ուրբաթ աշխատելու ենք, որովհետեւ բազմաշերտ, բազմակողմանի վերլուծությունների կարիք ունենք: Այս պահի դրությամբ դժվար է հստակ մանրամասներ հայտնել»,-ասաց նա:
Ռոբերտ Նազարյանը դժվարացավ ասել` որքան կնվազի սակագինը, առայժմ հայտնի է, որ դա ոչ բոլոր բնակիչ բաժանորդներին է վերաբերում. «Սոցցանցերի քննարկումներից տպավորություն կա` բոլորի համար է սակագները վերանայվելու, բայց երկու կարեւոր հարց բարձրացրեց վարչապետը` մեկը սոցիալապես անապահով խավերի համար, այսինքն մեկը սոցիալական ուղղվածության, մյուսը` խթանող, կոնկրետ գյուղատնտեսության ոլորտում: Հիմա պետք է վերլուծություններ կատարենք այդ ուղղությամբ»:
Հարցին, թե ի՞նչ ռեսուրսների հաշվին է նվազելու սակագինը, ՀԾԿՀ նախագահը պատասխանեց. «Թույլ տվեք չպատասխանեմ, վերլուծություններից հետո պարզ կլինի, այսօր չեմ ուզում հնչեցնել, քանի որ ինձ համար էլ դեռ պարզ չի: Որպեսզի թյուր կարծիք չլինի հանրության շրջանում, ավելի ուշ հրապարակային կհայտարարենք արդյունքների մասին»:
Ռոբերտ Նազարյանը նշեց, որ սակագնի հետ կապված որոշումը չի կարող ուժի մեջ մտնել վեց ամսից ավելի շուտ, քանի որ դա է պահանջում «Էներգետիկայի մասին» օրենքը: Նա շեշտել է, որ սակագնի նվազեցումը կապ չունի այն արտոնության հետ, որ կառավարությունը տրամադրում է սոցիալապես անապահով խավին:



























