Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանում եւ Արցախում որոշ շրջանակների կողմից դրսեւորվող անհանգստության արմատները: Նա այդ մասին այսօր հայտարարել է ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին:
Հայաստանի նախագահը նաեւ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի հետ տարվող բանակցությունները ընթանում են տեսանելի եւ միանգամայն հասկանալի տրամաբանության շրջանակներում: «Գիտեք, որ մենք արդեն ունեցել ենք վեց հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ: Անցյալ տարի նոյեմբերին ստորագրվել է Մայնդորֆյան հռչակագիրը, եղել է Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, եւ համանախագահները հանրայնացրել են մադրիդյան սկզբունքների հիմնական ուրվագիծը: Ձեզ համար հրապարակվածի մեջ, վստահ եմ, նորություն չկար, բայց հանրությունն առաջին անգամ էր տեսնում այդ սկզբունքներն ի մի բերված եւ լսում պաշտոնական աղբյուրներիից: Ես շատ կարեւոր եմ համարում այն փաստը, որ դրանցում չկար որեւէ կետ, որի մասին մենք մեր դիրքորոշումներն ու մոտեցումները ներկայացրած չլինեինք մեր հանրությանը»,- ասել է Սարգսյանն ու հավելել, թե փաստաթղթի հրապարակումը վկայեց, որ Հայաստանի իշխանությունները երբեք չեն ստել եւ սեփական ժողովրդին մոլորության մեջ չեն գցել իրականում բանակցությունների սեղանին դրված հարցերի վերաբերյալ. «Ես շատ լավ հասկանում եմ Հայաստանում եւ Արցախում որոշ շրջանակների կողմից դրսեւորվող անհանգստության արմատները: Արցախի հիմնահարցն այն սուրբ խնդիրն է, որի զոհասեղանին իրենց կյանքն են դրել հազարավոր մեր հայրենակիցներ, որի համար մենք կրել ենք եւ շարունակում ենք կրել դժվարություններ, սակայն այն նաեւ մեր պատմության ամենահպարտալի էջերից է: Համոզված եմ` յուրաքանչյուր հայ ղեկավար, ով ներգրավված է արցախյան հիմնախնդրի լուծման մեջ, քաջ գիտակցում է, որ մեծ պատասխանատվություն է կրում իր ժողովրդի, նրա պատմության եւ ապագա սերունդների առջեւ:
Ցանկացած այլ կարծիք կամ անտեղյակության արդյունք է, կամ մանր սպեկուլյացիա: Իսկ արցախյան հիմնահարցն այն խնդիրը չէ, որտեղ թույլատրելի են մանր սպեկուլյացիաները»:
Ըստ Սարգսյանի՝ Հայաստանի իշխանությունների առաջնահերթ խնդիրներն են այս փուլում` ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը բանակցային գործընթացի շրջանում եւ հասնել խնդրի ճիշտ ընկալմանը միջազգային հանրության կողմից: «Այս հակամարտության մեջ հայ ժողովուրդն եղել է գոյատեւման եւ ազատության համար պայքարող ժողովրդի դերում, եւ որեւէ մեկը իրավունք չունի ապրելու իր իրավունքը արյամբ պաշտպանած Արցախին „ագրեսոր“ անվանել: Մեր պատասխանը դրան պետք է լինի միշտ կտրուկ, վստահ եւ համոզիչ»,- նշել է Սերժ Սարգսյանը:




























