Հայաստանի անկախության տարիներին գիտելիքներն ու մարդկային ռեսուրսը չեն գնահատվել հավուր պատշաճի: Այս մասին NEWS.am-ին ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, «Ալտերնատիվ» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը՝ ներկայացնելով Հայաստանի անկախության 25-ամյակի տարեդարձի առիթով իր դիտարկումները:
Նրա խոսքով՝ առաջին խնդիրն այն է, որ մարդկային կապիտալը հավուր պատշաճի չի գնահատվել: Իսկ այն ցանկացած երկրում պետք է ամենակարեւոր ռեսուրսը համարվի, առավել եւս՝ սահմանափակ ռեսուրսներով Հայաստանում: Այս խնդրից էլ բխում է արտագաղթի խնդիրը, առաջին հերթին՝ երիտասարդ պրոֆեսիոնալ կադրերի, որոնք կարող էին երկրի համար նյութական արժեքներ ստեղծել, բայց, իրենց ընդունակությունների կիրառման հնարավորություն չգտնելով, հեռանում են՝ արտասահմանում կայանալու համար: Վերջապես՝ պետության եւ բիզնեսի համագործակցությանը խոչընդոտում է պետության եւ մասնավոր հատվածի գործընկերության գաղափարի սխալ իրացումը: Ժամանակակից հնչողությամբ այս հայեցակարգը շտապեցին յուրացնել Արեւմուտքից, սակայն միայն խոսքով: Բովանդակության աղավաղումները կոռուպցիոն նոր ռիսկեր ծնեցին:
«Այդուհանդերձ, ես լավատեսորեն հույս եմ փայփայում, որ նոր կառավարությունը կցանկանա եւ կկարողանա այս թերությունները, հաղթահարել, կկարողանա հաղթահարել պետական ապարատի ամբողջ ուղղահայացով արմատացած կոռուպցիան, ինչպես նաեւ անհրաժեշտ բովանդակություն կհաղորդի պետության եւ մասնավոր հատվածի գործընկերությանը եւ գործընթացին կներգրավի հասարակական շրջանակներին՝ տնեսագետների, իրենց փորձագիտական կարծիքով հանդերձ: Պետություն-բիզնես-հասարակություն եռանկյունին կկարողանա նոր օգտակար գաղափարներ առաջ քաշել»,- հավելեց Մանասերյանը:
2016-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը:





























