Հայաստանի ժողովուրդն առաջին հերթին ամենապարզ բանի կարիք ունի՝ իր ընտանիքին կերակրելու հնարավորություն եւ հավատ արդարության հանդեպ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով Հայաստանի անկախության 25-ամյակի տարեդարձի առիթով իր դիտարկումները:
Նրա խոսքով՝ անկախությունը ցանկացած պետության գլխավոր արժեքն է: Այդ պնդումը քննարկման ենթակա չէ, եւ վերջին քառորդ դարում հայ ժողովրդի անցած ուղին ուղղորդված էր այդ հիմնարար արժեքի կայացմանը:
«Այդ արժեքի համար ժողովուրդը թանկ է վճարել, իսկ շատերն իրենց կյանքն են տվել: Այդ վիթխարի աշխատանքին եւ զոհերին արժանի լինելու համար պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել մեր երկրի եւ ժողովրդի համար: Մեծ նպատակները փոքրից են սկսվում: Ինչ-որ պահի ուղղակի պետք է հայացք նետենք մեզ շրջապատող իրականությանը: Մարդը աշխատավարձի կարիք ունի իր տարրական կենցաղային պահանջները հոգալու, իրեն արժանապատիվ զգալու համար, որ ի վիճակի լինի իրեն ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, վճարել երեխաների ուսման վարձը: Երկրորդը արդարության զգացումն է, վստահությունը, որ իշխանությունները լսում են ժողովրդի կարծիքը եւ հարգում նրա կամքը»,- նշեց Մելքումյանը:
2016-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը:





























