ԱՄՆ-ն ընդունում է այն փաստը, որ ամերիկյան կոալիցիան Սիրիայի Դեր Զոր քաղաքի մոտակայքում օդային հարվածներ է հասցրել, բայց պնդում է, որ նախապես տեղյակ է պահել Մոսկվային այդ հարվածների մասին ու դադարեցրել է դրանք, հենց իմացել է Ռուսաստանից, որ այդ տարածքում կարող էին սիրիացի զինվորականներ գտնվել, ասվում է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր կոալիցիայի օդանավերը Սիրիայում Դեր Զորից հարավ հարվածներ են հասցրել: Կոալիցիայի ուժերը համարել են, որ հարվածում են ԻՊ դիրքերին, որոնց երկար ժամանակ հետեւել են: Կոալիցիայի օդային հարվածները անհապաղ դադարեցվել են, հենց Ռուսաստանի պաշտոնատար անձինք տեղեկացրել են կոալիցիայի պաշտոնատար անձանց, որ անձնակազմն ու մեքենաները, որոնց հարվածներ են հասցվել, հնարավոր է սիրիական բանակին էին պատկանում»,- ասվում է հայտարարության մեջ:
«Հարվածները հասցվել են այն տարածքում, որտեղ կոալիցիան առաջ էլ էր հարվածներ հասցրել ու կոալիցիայի անդամները ռուս գործընկերներին տեղեկացրել էին գալիք օդային հարվածի մասին: Ոչ մի անսովոր բան չկա, որ կոալիցիայի օդային գործողությունների կենտրոնը շփվում է Ռուսաստանի պաշտոնական անձանց հետ՝ պրոֆեսիանալ քաղաքավարության շրջանակում ու կոալիցիայի ու Ռուսաստանի օդանավերի միջեւ կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար, չնայած նման շփումներ չեն պահանջվում թռիչքների անվտանգության մասին փոխըմբռնման մասին գործող հռչակագրով»,- ասվում է ամերիկյան զինվորականների հաղորդագրության մեջ:
Սիրիայում բարդ իրավիճակ է, այնտեղ տարբեր ռազմական ուժեր ու գրոհայիններ կան, որոնք իրար շատ մոտ են գտնվում, բայց կոալիցիայի ուժերը գիտակցաբար հարվածներ չէին հասցնի սիրիական բանակի ստորաբաժանումների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Կոալիցիան կքննարկի այդ հարվածը ու այն հանգամանքները, որոնց ժամանակ այն հասցվել է,որպեսզի պարզի՝ կարելի է արդյոք դրանից դաս քաղել»,- ամփոփել են ամերիկացի զինվորականները:
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչ, գեներալ -մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել էր,որ հակաահաբեկչական միջազգային կոալիցիայի օդանավերը չորս հարված են հասցրել Սիրիայի զորքերին, 62 զինծառայող է զոհվել, մոտ 100 մարդ վիրավորվել: Նրա խոսքով կոալիցիայի օդանավերը մտել էին ՍԱՀ տարածք Իրաքի սահմանի կողմից:



























