Դաղստանում գլխապտույտ արագությամբ, մեկը մյուսի հետեւից ահաբեկչություններ են տեղի ունենում։ Այս անգամ, Կարաբադախկենի շրջանի երկաթուղում երկու պայթյուն է տեղի ունեցել։ Հյուսիսային Կովկասում ռուսական զորախմբի շտաբը մանրամասնում է. «Ուիտաշ գծանցում, Երեւանի ժամանակով 01։35-ին վերանորոգման գնացքի շարժման ընթացքում պայթյուն է տեղի ունեցել։ Երկաթուղու այդ հատվածում շարժը կանգնեցվել է։ Երբ դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբը եւ սկսել իր աշխատանքները, Երեւանի ժամանակով մոտավորապես 04։10 -ին երկրորդ պայթյունն է եղել։ Ծանր վիրավորվել է իրավապահ մարմինների աշխատակից եւ, պայթուցիկների գծով փորձագետը»։

Շտաբի ներկայացուցիչը պարզաբանել է, որ երկրորդ պայթյունից առաջացել է 80 սմ տրամագծով եւ մոտ կես մետր խորությամբ մի փոս։ Մարդատար ու բեռնատար գնացքների շարժը կանգնեցվել է մինչեւ 07։00-ն։ Ներկա պահին, երկաթգծերից մեկը վերականգնվել է, արդեն իսկ աշխատում են մի քանի մարդատար եւ բեռնատար շարժակազմեր, իսկ երկրորդ ճանապարհի վրա շարունակվում են վերականգնողական աշխատանքները։