Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում քաղաքապետի ընտրություններին հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական թեկնածու Գոռ Աբրահամյանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, NEWS.am-ը տեղեկացավ Ապարանի թիվ 14/2 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մերուժան Մկրտչյանից:

Նա նշեց, որ Գոռ Աբրահամյանը շուրջ երկու անգամ ավելի ձայն է հավաքել, քան անկուսակցական թեկնածու, «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Փարվանյանը:

Հիշեցնենք, որ Ապարանի քաղաքապետի ընտրություններում երկու թեկնածուներն էլ ստացել են ՀՀԿ-ի աջակցությունը:

ՀՀԿ Ապարանի շրջանային կազմակերպությունը որոշել է աջակցել գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանին, իսկ Արագածոտնի մարզի ՀՀԿ տարածքային կազմակերպությունը որոշել է սատարել անկուսակցական Էդգար Փարվանյանին:

NEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը  նշել էր, որ ՀՀԿ Ապարանի շրջանային կազմակերպությունը որոշել է աջակցել ՀՀԿ անդամ, արդեն տեւական ժամանակ պաշտոնավարող Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանին, իսկ Արագածոտնի մարզի ՀՀԿ տարածքային կազմակերպությունը, որն, ըստ կուսակցության կանոնադրության, որոշումների ընդունման ավելի բարձր կարգավիճակ ունի, քննարկելով ստեղծված նախընտրական իրավիճակը, եւ հաշվի առնելով Ապարանում ինքնաառաջադրված երիտասարդ թեկնածու Էդգար Փարվանյանի դիմումը ՀՀԿ մարզային խորհրդին աջակցության խնդրանքով` որոշում է ընդունել սատարել նրան: