Սեպտեմբերի 20-ին, ժամը 00-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման եւ վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։

ՀՀ ԷԲՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պլանայինին զուգահեռ, կիրականացվեն նաեւ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելուն ուղղված հիմնանորոգման որոշ աշխատանքներ։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ այս տարի կայանի ժամանակավոր դադարը ավելի երկար կտեւի։ Ըստ նախատեսված ժամանակացույցի, գործող էներգաբլոկը էներգացանցին կմիանա ս.թ. նոյեմբերի 20-ին։

ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսված է էներգաարտադրության հաշվեկշռում եւ այն գործող սակագնային հաշվարկների վրա որեւէ ազդեցություն չի ունենա։