Բիզնես միջավայրի բարելավման և ոլորտի զարգացման տեսանկյունից առանցքային ցուցիչներից մեկը պետական գերատեսչությունների հետ հարաբերվելու, դիմումների պատասխանը կամ տարատեսական թույլտվություններ ստանալու ժամանակն է: NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով բիզնեսի կողմից արտոնություն ստանալու դիմումի քննարկման եւ որոշման կայացման գործընթացի տեւողության մասին՝ կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի բարձրացրած հարցին՝ ընդգծելով, որ իրականում դա խիստ կարևոր խնդիր է։
«Առաջին հայացքից կարող է թվալ, թե խնդիրը երկրորդային է, սակայն իրականում այստեղ լուրջ խորքային հարց կա: Բիզնեսը դիմում է կառավարությանը որևէ հարցով աջակցություն ստանալու, լրացնում է բազմաթիվ փաստաթղթեր, որոնք հերթով պտտվում են տարբեր գերատեսչություններով: Որոշ գերատեսչություններում արագ ստորագրվում են, որոշներում՝ տևական ժամանակ մնում: Արդյունքում՝ 1.5 մլն դրամի արտոնություն ստանալու համար լրացված փաստաթղթերի տրցակը մոտ 7 գերատեսչությունով շրջում է և այդ գործընթացը ամիսներ է տևում»,- ասաց տնտեսագետը:
Ըստ բանախոսի՝ կարևոր է, որ նոր վարչապետը առաջին հերթին նմանօրինակ խնդիրներին ուշադրություն դարձնի, քանի որ մեզանում բյուրոկրատական քաշքուկները էապես խոչընդոտում են բիզնեսին:
«Մենք պետք է ձգտենք հնարավորինս մեղմել բյուրոկրատական քաշքշուկը: Պետական գերատեսչությունների հետ քաղաքացիների, բիզնեսի ներկայացուցիչների շփումը պետք է լինի հեշտ: Մենք մաքսիմալ արագ պետք է հրաժարվենք ավելորդ թղթաբանությունից, ավելորդ բարդություններից և այդ գործընթացը դարձնենք պարզ, հասկանալի և որ ամենակարևորն է՝ զերծ ավելորդ քաշքշուկներից: Բիզնեսը հանձին պետության պետք է տեսնի հուսալի գործընկերոջ, ում վրա կարղ է հենվել իր համար բարդ ժամանակահատվածում, ում կարող է վստահել և հարկ եղած դեպքում որոշակի օժանդակություն ակնկալել: Կարծում եմ՝ այս բանաձով պետք է փորձենք առաջնորդվել»,- նշեց Կառլեն Խաչատրյանը:
Տնտեսագետի կարծիքով՝ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունն այն մասին, թե գործընթացը 7 օր է տևել, ամենայն հավանականությամբ վերաբերում է կոնկրետ իր գերատեսչությունում քննարկումներին, սակայն եթե հաշվի առնենք բոլոր պետական գերատեսչություններում այդ փաստաթղթերի շրջանառումը, ապա դրանք մինչև 5-6 ամիս կարող են տևել:



























