Թուրքիան միայն խոստումներ է տալիս եւ հայտարարություններ անում, սակայն խոսքից գործի չի անցնում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կիպրահայեր» կայքէջի խմբագիր Սիմոն Այնեդջյանը` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների մասին:
«Մենք պետք է լուծենք մեր բոլոր խնդիրները հարեւան պետությունների հետ, որպեսզի կարողանանք խաղաղ գործակցել մեր դրացիների հետ: Մենք չենք ուզում խնդիրներ ունենալ Թուրքիայի հետ : Ուզում ենք, որ Ցեղասպանության հարցը լուծվի, որ Թուրքիան իր այն հայտարարությունները, թե ուզում է խաղաղություն, ժողովրդավարական կարգերի հաստատում, իրական դարձնի: Թուրքիան պետք է խոսքից գործ անցնի»,-նշեց խմբագիրը` հավելելով. «Թուրքիան միայն խոստումներ է տալիս, եթե խոստումներից գործի անցնի, ապա դրա արդյունքները տեսանելի կլինեն ոչ միայն Կիպրոսում, այլեւ Արցախում ու Հայաստանում»:
Նշենք, որ Այնեդջյանը ներկայումս գտնվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում եւ մասնակցում է Սփյուռքի նախարարության կազմակերպած «21-րդ դարի տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրագրությունը» թեմայով համաժողովին, որին ներկա են շուրջ 200 հայաստանցի եւ սփյուռքահայ լրագրողներ:





























