Մթերված խաղողի դիմաց 10 ամիս անց գումարը չստացած աղավնաձորցիները հուսով են, որ սեպտեմբերի 22-ին կայանալիք կառավարության նիստին կբարձրացվի նաեւ իրենց խնդիրը:  NEWS.am-ի հետ զրույցում Սմբատ Ղազարյանը նշեց, որ եթե իրենց գումարի հարցը չքննարկվի՝ կդիմեն ծայրահեղ քայլերի. «Ուղիղ եթերով հետեւելու ենք կառավարության նիստին, եթե մեր հարցը չբարձացվի՝ կդիմենք ծայրահեղ քայլերի»:

Աղավնաձորցի երեխաները շուրջ մեկ շաբաթ դպրոց չեն հաճախում՝ ի նշան բողոքի:

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին աղավնաձորցիները փորձել էին փակել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը, իսկ սեպտեմբերի 15-ին հանդիպել էին Եղեգնաձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ, որն ասել էր, որ գումարի խնդիրը կլուծվի նոր կառավարության ձեւավորումից հետո:

Հիշեցնենք, որ մարզպետն ու «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանը սեպտեմբերի 1-ին աղավնաձորցիներից 15 օր ժամանակ էին խնդրել, որպեսզի գործարանը կարողանա մարել 140 միլիոն դրամի պարտքը: Ընդ որում, 15 օրում խնդիրը լուծելու խոստումը տվել էր անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 10 ամիս առաջ մթերված խաղողի դիմաց գումարը չստացած աղավնաձորցիներն բողոքի ակցիա էին արել. փակել էին դպրոցի մուտքը եւ Գիտելիքի օրը երեխաներին չեն ուղարկել դպրոց: