Այսօր առավոտյան ժամը 8-ին Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական հոսպիտալում մահացել է ընդամենը երեք ամսվա զինծառայող Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ 18-ամյա Արամ Մկրտչյանը: Արամը ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալ էր տեղափոխվել օգօստոսի 28-ին Վայքի զորամասից, որտեղ նրան 3 անգամ դաժան ծեծի էր ենթարկել վաշտի հրամանատար Անդոկ Գալստյանը:

Արամ Մկրտչյանի մերձավոր բարեկամ Նորիկ Նորիկյանը NEWS.am-ին փոխանցեց, որ Անդոկ Գալստյանը արդեն գտնվում է զինվորական ոստիկանությունում եւ նրան առաջադրվել է մեղադրանք 375 հոդվածի 2-րդ մասով` իշխանազանցություն:

Նորիկյանը փոխանցեց նաեւ, որ անձամբ եղել է Վայքի այդ զորամասում եւ հանդիպել հրամանատարական կազմին: Վերջինս չբացառեց նաեւ այլ սպաների ծեծելու վարկածը: Այս պահին Արամ Մկրտչյանի հարազատները սպասում են Վայոց Ձորից ժամանող նախաքննություն իրականացնող մարմնին, որպեսզի զինվորի դին տեղափոխվի անատոմիկ` դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու համար: