ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որ երկրի տնտեսությանը շատ ծանր վիճակում է, չի նշանակում, որ տնտեսական աճ չի եղել, թվերն իրական չեն. խոսքը վերաբերում է զարգացման տնտեսական մոդելին, որը առկա էր, եւ հարկավոր է նոր մոտեցում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը:
«Կարծում եմ, որ թեզն ավելի մանրամասն կբացվի. իմ տրամաբանությամբ Կարեն Կարապետյանը շեշտեց, որ նախկին զարգացման ռեսուրսը սպառված է, եւ անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր ռեսուրսներ հետագա աճի ապահովման համար: Խոսքը չի վերաբերում, որ տնտեսական աճ չի եղել, խոսքը չի վերաբերում, որ թվերն իրական չեն: Խոսքը վերաբերում է զարգացման տնտեսական մոդելին, որը առկա էր, եւ հարկավոր է նոր մոտեցում, որը կշարադրվի վարչապետի կողմից՝ շուտով»,-նշեց նա հավելելով. «Զարգացման հեռանկարների տեսակետից, եթե մենք անդրադառնում ենք այն ռեսուրսին, որ կա զարգացման համար, ապա վիճակը ծանր է»:
Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի այդ ծանր վիճակն ինչպես է անդրադառնում ներդրումների վրա, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Ներդրումների հարցում Հայաստանի ծանր վիճակը որեւէ վատ կերպ չի արտացոլվում, որովհետեւ Կարեն Կարապետյանի միտքը նրանումն է, որ անհրաժեշտ է շատ ավելի մեծ քանակի ներդրումներ, ներդրումների գրավում եւ չեմ կարծում, որ այստեղ կա հակասություն»:



























