«Քանի որ Ռուսաստանը եւ հատկապես ԱՄՆ դեպարտամենտը զուգահեռաբար զբաղվում են ե'ւ ԼՂ խնդրով ե'ւ հայ-թուրքական հարաբերությունների բարելամամբ, ապա չի բացառվում, որ նրանք կապեն այս երկու հարցերն իրար հետ»,- այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքով, այդ պետությունները նշված երկու գործընթացների ժամանակացույցը հավանաբար կփորձեն համապատասխանեցնել: «Բանն այն է, որ Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ու սահմանի բացումը արդեն շատ կտրուկ ձեւով են կապված ԼՂ խնդրի հետ եւ այս հանգամանքն արդեն իսկ տեղ է գտել պետդեպարտամենտի ծրագրի մեջ»,- նշեց Հ. Իգիթյանը:
Նա նկատեց, որ հայկական եւ թուրքական կողմերը նույն ճանապարհային քարտեզի դրույթները տարբեր կերպ են մեկնաբանում եւ անգամ դա լուրջ հակասության է հանգեցնում: Հ. Իգիթյանի ներկայացմամբ, մասնավորապես տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել սահմանների բացման հարցն ու ԼՂ խնդրի առնչությունը հայ-թուրքական հարաբերություններին:




























