Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը երկրում առաջիններից է, որ տանն արեւային մարտկոց է տեղադրել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ «կանաչ» էներգիայի անցնելուց հետո ծախսերն ամենեւին էլ չեն ավելացել, ավելի շուտ՝ հակառակը:
Նախարարությունում վերականգնվող էներգիայի ոլորտը համակարգող Հարությունյանն իր վրա է փորձարկել նոր օրենքը: 2016 թվականի մայիսից մինչեւ 150 կՎտ հզորությամբ արեւային կայաններ ունեցողներն առանց ԱԱՀ-ի էլեկտրականություն են փոխանցում ցանցին: Դրա համար նրանք չեն վճարվում (Հայաստանում արեւային էներգիայի համար սակագին չկա), բայց ցանցին մատակարարումների չափով էլեկտրականության վճարից գումար է դուրս բերվում:
Օրենքը հետին թվով գործում է 2015 թվականի հունվարի 1-ից (այդ ժամանակից ի վեր հանրապետություն դե-ֆակտո երկու խոշոր արեւային էլեկտրակայան կա), սակայն առանձնատներում եւ բնակարաններում ոչ ոք արեւային մարտկոցներ չէր տեղադրում: Փոխնախարարը որոշել է անձամբ բնապահպանական օրինակ ծառայել եւ լիզինգով ֆոտովոլտային մարտկոց է տեղադրել:
«Իմ բյուջեում տնտեսում միանշանակ զգում եմ: Էլեկտրականության համար գրեթե չեմ վճարում: Այնքան, որքան առաջ վճարում էի հոսանքի համար, գրեթե նույնքան հիմա վճարում եմ լիզինգով արեւային մարտկոցի համար: Բայց 7 տարի անց այն կմարեմ, իսկ մարտկոցը կմնա: Եվ դրանից հետո էլ առնվազն 15-20 տարի այն անվճար կծառայի ինձ»,- նշեց Հարությունյանը:




























