Հոկտեմբերի 15-ին Նիկոսիայում Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը ընդունել է Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կիպրոսի նախագահն ընդգծել է, որ Կիպրոսը մշտապես Հայաստանի կողքին է` որպես կայուն գործընկեր եւ բարեկամ: Իր հերթին, Հովիկ Աբրահամյանը նշելով, որ գտնվում է մի երկրում, որը Հայաստանի հանդեպ իր բարեկամական եւ հարազատ վերաբերմունքն է ցուցաբերել դարեր շարունակ, շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախագահին հայ համայնքի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի եւ հայկական դպրոցների ֆինանսավորման համար: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցության զարգացումը Կիպրոսի հետ: Հայ-կիպրական համագործակցությունը Հայաստանը դիտում է որպես կարեւոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում` հաշվի առնելով Կիպրոսի փորձը եվրոպական կառույցներում: Նա  համոզմունք է հայտնել, որ ՀՀ Նախագահի 2011 թ. հունվարին ծրագրված պաշտոնական այցը առավել կնպաստի քաղաքական երկխոսության ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-թուրքական. կիպրաթուրքական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի: Պարոն Աբրահամյանը շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Կարեւորվեց միջազգային կառույցներում համագործակցությունը:

Հանդիպման վերջում Կիպրոսի նախագահը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ նշել, որ սպասում է նրա պաշտոնական այցին Կիպրոս: