Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Ադրբեջանի սահմանադրության` սեպտեմբերի 26-ին հանրաքվեի դրված փոփոխությունների վերաբերյալ առաջնային եզրակացությունը: 

contact.az-ը հայտնում է, որ հանձնաժողովը քննադատության է ենթարկել Հանրաքվեի ակտի նախագիծը: 

Առաջարկվող շատ փոփոխություններ լրջորեն խախտում են իշխանության թեւերի միջեւ հավասարակշռությունը` նախագահին «աննախադեպ» լիազորություններ տրամադրելով:  ՎՀ-ի փորձագետները «ոչնչով չարդարացված» են համարում նախագահական մանդատի երկարաձգումը` հինգից յոթ տարի, հաշվի առնելով պետության ղեկավարի առանց այն էլ    ուժեղ դիրքերը, որը 2009 թվականից ի վեր կարող է վերընտրվել անսահմանափակ քանակությամբ անգամներ: Բացի այդ, նախագահին խորհրդարանի լուծարման լիազորություն է տրամադրվում, ինչը բացասաբար է ազդում   «խորհրդարանում քաղաքական այլակարծության վրա»: Դա բացասաբար է ազդում նաեւ անկախ դատական համակարգի վրա, որովհետեւ դատավորների հաստատման գործում խորհրդարանի դերը թուլանում է: 

Վենետիկի հանձնաժողովի փորձագետները հատկապես անհանգստացած են ոչ մեկի կողմից չընտրվող փոխ-նախագահների ինստիտուտով, որոնք ինչ-որ պահի կարող են ղեկավարել երկիրը, ինչպես նաեւ պետության ղեկավարին արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելու լիազորության տրամադրմամբ:  ՎՀ-ն քննադատում է նաեւ հանրաքվեի ընթացակարգը, մասնավորապես` դրա անցկացումն առանց խորհրդարանում եւ հանրության շրջանում նախնական քննարկումների, ինչպես նաեւ շատ կարճ ժամկետում:   

Ժամանակի պակասի պատճառով ՎՀ-ի փորձագետներն ի վիճակի չէին Ադրբեջան այցելել եւ ուղիղ խորհրդատվություն իրականացնել իշխանությունների, փորձագետների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ:  Այդ կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովն ափսոսում է, որ Ադրբեջանի իշխանությունն իր հետ չի խորհրդակցել նախագիծը հանրաքվեի ներկայացնելուց առաջ: 

Միաժամանակ փորձագետները դրական են գնահատել փոփոխություններն այն մասին, որ   «մարդկային արժանապատվությունը պաշտպանվում է եւ հարգվում» եւ «կամայականությունից պաշտպանության եւ արժանապատիվ վերաբերմունքի իրավունքի մասին»:

Դրական է գնահատվել նաեւ առաջարկվող փոփոխությունն այն մասին, որ «իրավունքների եւ ազատությունների սահմանափակումը պետք է համաչափելի լինի այն նպատակների հետ, որոնց պետությունը ձգտում է հասնել»: Սակայն փորձագետները համաձայն չեն այն փոփոխություններին, որոնք նախատեսում են սահմանափակել հանրային հավաքները  «հանրային կարգի» եւ «բարոյականության» նկատառումներից ելնելով, որովհետեւ այդ դրույթները չափազանց լայն մեկնաբանության տեղիք են տալիս:  Մտահոգություն է արտահայտվում նաեւ քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին առաջարկվող փոփոխության առումով:    

Առաջնային եզրակացությունը կներկայացվի ՎՀ-ի լիագումար նիստի հաստատմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-15-ին: