Հոկտեմբերի 14-ին Նորքի 2-րդ զանգվածի Բագրեւանդ թաղամասի փախստականների շենքում տեղի ունեցած սպանության հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել:
Հիշեցնենք, որ այդ օրը ահազանգով դեպքի վայր մեկնած Նոր Նորքի բաժնի ոստիկանները Բագրեւանդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկում տղամարդու դիակ էին հայտնաբերել: Պարզվել էր, որ տեղի է ունեցել սպանություն եւ սպանվածը նախկինում երեք անգամ դատապարտված 32-ամյա Վադիմ Վալերիի Անդրիասյանն է: Նույն օրը Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` սպանության հատկանիշներով:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին տարածքի ոստիկանությունը սպանության վայր է բերել սպանությունը կատարողին` 36-ամյա Վլադիսլավ Բագրատի Եդիգարովին, ով մշտական բնակության վայր չի ունեցել: Դեպքի օրը նա սպանվածի հետ հանգրվանել էր նշված շենքի իրենց ծանոթի բնակարանում, որի ժամանակ նրանց միջեւ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել: Արդյունքում, տանը եղած խոհանոցային դանակով Եդիգարովը հարվածել է Անդրեասյանի կրծքավանդակի ձախ թեւատակի վերեւի եւ թիկունքի աջ վերեւի մասերին եւ նրան թողնելով անօգնական վիճակում` սպանության վայրից դիմել է փախուստի:
Նշված շենքում ապրող մարդիկ ասել են, որ նրանք ժամանակին միասին են եղել ազատազրկման վայրում:
NEWS.am-ի տեղեկություններով, Եդիգարովին հայտնաբերելու համար տարածքի ոստիկանապետի գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ, որը Նոր Նորքի դատախազության եւ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հետ համատեղ սպանության կասկածյալին հայտնաբերել է Կոմիտասի շուկայում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























