Կառավարութունում ներդրողների օպերատիվ խորհրդակցության կենտրոն կստեղծվի: Այս մասին սեպտեմբերի 22-ին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը պետք է  ներդրողների հետ աշխատանքի ընդլայնված լիազորություններ ստանա: Մասնավորապես ավելի օպերատիվ կլուծվի ներդրողներին արտոնությունների տրամադրման հարցը (մաքսատուրքից ազատումը կամ ԱԱՀ վճարումների հետաձգումները): Եթե որեւէ ընկերություն չհամապատասխանի արտոնությունների տրամադրման չափանիշներին, բայց կհայտնի, որ դրանց կարիքն ունի, այդ ընկերության հարցն առանձին կքննարկվի: Բոլոր մյուս դեպքերում ժամանակ խնայելու համար որոշումները արագացված կարգով կընդունվեն:

«Էկոնոմիկայի նախարարության լիազորությունների ընդլայնման համար օրենսդրական փոփոխություններ են պետք: Օրինագծերի մշակման նպատակով արդեն աշխատախումբ է ստեղծվել»- նշել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը: